Կառավարությունը 10 մլրդ դրամ հատկացրեց Երևանի հրատապ խնդիրների լուծման համար

ՀՀ կառավարություն
Փոխքաղաքապետը հայտնեց, որ հատկացված գումարի շրջանակում լուծվելու է նաև Աջափնյակի Արզումանյան փողոցի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պետական բյուջեից շուրջ 10 մլրդ դրամ հատկացնել Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:
Ինչպես հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարի գրեթե կեսը` 4.7 մլրդ դրամը, ծախսվելու է Երևանում 473 վերելակների փոխարինման համար։
Մնացած գումարով Նոր խարբերդ թաղամասում գազատարի և նոր կոյուղագծի է կառուցվելու, հանգստյան գոտիներ ու այգիներ են հիմնվելու, ճանապարհներ են վերանորոգվելու, ինչպես նաև հիմնանորոգվելու են 5 մանկապարտեզ ու 2 պոլիկլինիկա։
Հայաստանը ծրագրում է տարեկան 162 տոննա խեցգետին արտադրել
Նիստին ներկա Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հարցի քննարկման ժամանակ հայտնեց, որ 2019-22թթ–ին մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շուրջ 1000 վերելակ է փոխարինվել, որոնցից 500-ը` 2022թ–ին։
«Այս տարի կրկին 500–ը անցնում ենք, և այս տեմպը պահպանելով` Երևան քաղաքում բոլոր խնդրահարույց վերելակների հարցերը 4 տարվա ընթացքում կարողանալու ենք լուծել»,– ասաց նա։
Փոխքաղաքապետը նշեց, որ հատկացված գումարի շրջանակում լուծվելու է նաև Աջափնյակի Արզումանյան փողոցի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։
Բնակիչներն իրենց բնակարաններն օտարելու են տեղում կառուցապատում իրականացնող ընկերությանը։ Մինչ նոր շենքի կառուցումն ու նոր բնակարանները շահառուներին հանձնելը կառավարությունը ֆինանսավորելու է վարձակալած բնակարանների վարձի արժեքը։