ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի առաջարկով հրավիրված ԱԺ փակ նիստում բավականին բուռն քննարկում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Գլխավոր շտաբի պետը և ԱԱԾ սահմանապահ զորքերի գնդապետը ներկայացրին իրավիճակը Տեղ գյուղի շրջանում։ Քննարկվեցին զինված ուժերի և այլ ուժերի հետ կապված հարցեր։ Քննարկվեցին ՀՀ զինված ուժերի մարտունակության, կարողությունների վերականգնման ուղղված հարցերը։ Ակնհայտ է, որ դրական աշխատանքներ կատարվել են»,–ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ ակնհայտ են նաև բացթողումները, և այն ինչ կատարվել է Տեղ գյուղում, պետք է տեսնել միջանցքային տրամաբանության մեջ, այսինքն՝ ՀՀ–ն և Արցախը կապող միջանցքում է ամեն ինչ կատարվել։
Անդրադառնալով թերություններին նա նշեց, որ ԳՇ պետը դիվանագիտական և քաղաքական մի շարք հարցերի չի տիրապետում, և դա քաղաքական իշխանության բացթողումներից է։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։