Հուշարձան վերականգնող վարպետներ չենք գտնում. Հարություն Վանյան

2022 թվականի տվյալներով` հրատապ միջամտության և վերականգնման ենթակա հուշարձանների ցանկը 550–ից ավելի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանում հուշարձաններ վերականգնողների` քարագործ վարպետների քանակի հետ կապված խնդիր կա։ Այս մասին Հուշարձանների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպված ասուլիսում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
«Այս տարի երկու հուշարձանի դեպքում շինարարական կազմակերպություններ չունենք մասնակցող, ինչը նաև խոսում է, որ համապատասխան վարպետներ և մասնագետներ չենք գտնում, որոնք կկարողանան բարդագույն եկեղեցիներ վերականգնել»,–նշում է նա։
Վանյանն ընդգծեց, որ հուշարձաններ վերականգնողների հմտությունները փոխանցելու անհրաժեշտություն է առաջացել։ Այս խնդրի լուծման հետ կապված` քննարկում են միջին մասնագիտական օղակներում նման մասնագիտություն ավելացնելը, որը կտա այն պատրաստվածությունը, որ կարողանան հետագայում աշխատել հենց եկեղեցիների քարի վերականգնման, քարի հետ աշխատանքի գործում։
Հարություն Վանյան
«Այսինքն` կրթական բաղադրիչներ ներմուծելով է հնարավոր խնդիրը լուծել։ Միևնույն ժամանակ միջազգային շատ առաջավոր փորձերի ծանոթ ենք, անընդհատ կապի մեջ ենք և փորձում ենք Հայաստանի պայմաններում տեղայնացնել այդ փորձերը»,–ասաց նա։
Ադրբեջանի վերջին սադրանքի պատճառով վտանգված է 500 հուշարձան. Դումանյանը` ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Մեկ այլ խնդիր էլ հուշարձանների վերականգնման մեջ քարի գույների անհամապատասխանությունն է շինությանը։
Պատճառն այն է, որ վերականգնման ժամանակ հնարավոր չի լինում քար վերցնել նույն հանքից, որտեղից որ վերցվել է հուշարձանը պատրաստելու համար։
ԿԳՄՍ ներկայացուցիչը նաև հայտնեց, որ 2023 թվականին հուշարձանների վերականգնման համար հատկացվել է մոտ 400 միլիոն դրամ` չհաշված Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի վերականգմանն ուղղված ևս 260 մլն դրամը։
«Վերականգնման աշխատանքներն ընտրվում են ըստ հրատապության, կիսատ մնացած աշխատանքներն ավարտելու և եկեղեցիները կամ հուշարձաններն ամբողջացնելու սկզբունքով։ 2022 թվականի տվյալներով` հրատապ միջամտության ենթակա և վերականգնման ենթակա հուշարձանների ցանկը 550–ից ավելի է»,–հավելեց Վանյանը։
Նշենք, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր համաշխարհային օրացույցում ապրիլի 18-ն առանձնացվել է որպես Հուշարձանների պաշտպանության միջազգային օր:
ՅՈւՆԵՍԿՕ–ում ընդգրկված ՀՀ 3 տեսարժան վայրից մեկն արդեն Google Arts and Culture–ում է