Հայաստանը Գերմանիայում առևտրային ներկայացուցիչ կունենա

Գերմանիայի և Հայաստանի դրոշներ
Հայաստանը ծրագրում է Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունն ավելացնել տարեկան 35-40 տոկոսով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,13 ապրիլի – Sputnik. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կստեղծվի Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք. որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ առևտրական կցորդը կտեղակայվի Բեռլինում՝ ՀՀ դեսպանության շենքում:
Հայաստանը շահագրգռված է ընդլայնել և ամրապնդել Գերմանիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:
2022թ․ Գերմանիան կրկին ընդգրկել է Հայաստանը ԳԴՀ տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության (BMZ) տրանսֆորմացիոն գործընկերների ցանկում, ինչը հնարավորություն է ընձեռում ընդլայնելու համագործակցությունը երկկողմ ձևաչափով։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառությունը Գերմանիայի հետ 2022 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 530․42 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83%-ով (2021թ․ հունվար–դեկտեմբերին կազմել է 289․85 մլն․ ԱՄՆ դոլար)։
Հայաստանը ծրագրում է Գերմանիայի հետ առևտրաշրջանառությունն ավելացնել տարեկան 35-40 տոկոսով։
Նշենք, որ Հայաստանն առեւտրային ներկայացուցիչներ ունի Իրանում և Չինաստանում (Ռուսաստանի և ԵՄ–ի ներկայացուցիչները հետ են կանչվել առանց փոխարինման):
Իրանը շուտով նոր դեսպան կունենա Հայաստանում. ԶԼՄ