Հայաստանում ռուսական ռազմակայանի ԱԹՍ-ները տեղանքի հետախուզում են իրականացրել

ՀՌՕ ԱԹՍ
Մասնագետները թռիչք են իրականացրել լեռնային տեղանքի դժվարամատչելի հատվածներում, ցուցադրել են բարձրլեռնային բարդ պայմաններում թռչող սարքի անվտանգ վայրէջքի հմտություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի - Sputnik. Հայաստանում ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ստորաբաժանման զինծառայողները մի շարք հատուկ առաջադրանքներ են կատարել ուսուցման ձմեռային շրջանի վերահսկիչ պարապմունքների ընթացքում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ԱԹՍ-ների հաշվարկները հրետանային ստորաբաժանումների և հատուկ նշանակության խմբերի հետ կատարել են տեղանքի հետախուզում, կրակ են ուղղորդել պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների ուղղությամբ:
Մասնագետները հանձնել են հետախուզական համալիրների տեղակայման, դրանց նախապատրաստման և ձեռքով և կատապուլտով արձակման նորմատիվները, թռիչք են իրականացրել լեռնային տեղանքի դժվարամատչելի հատվածներում, ինչպես նաև ցուցադրել բարձրլեռնային բարդ պայմաններում (վատ տեսանելիություն, տեղումների բարձր մակարդակ և ուժեղ քամի) թռչող սարքի անվտանգ վայրէջքի հմտությունները։
Ավելի վաղ ռուսական ռազմակայանի զինծառայողները ստուգարքներ էին հանձնել ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրերի, օդային տարածքի օգտագործման և բաշխման կանոնների, օդային երթևեկության ծրագրման և համակարգման թեմաներով։