Հայաստանի և Արցախի ՄԻՊ–երը զրուցել են Լաչինի արգելափակման հետևանքների մասին

Մանասյանն ու Ստեփանյանը պայմանավորվել են շարունակել երկու հաստատությունների համատեղ աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման արդյունքում Արցախում տիրող հումանիտար իրավիճակի հարցն են քննարկել ՀՀ նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻ պաշտպանի գրասենյակը` հավելելով, որ օմբուդսմանները հեռախոսազրույց են ունեցել։
«Հատուկ անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին ու քննարկել դրանց հասցեագրման հնարավորությունները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու այս ուղղությամբ երկու հաստատությունների համատեղ աշխատանքը՝ միտված Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների արձանագրմանը և թիրախային հասցեագրմանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։