Հայաստանի ազգային պատկերասրահը մտադիր է վերականգնել Բանվորի արձանը

Հայաստանի ազգային պատկերասրահ
Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» հուշարձանի որոշ հատվածներ 2022թ–ի հունիսին ցուցադրության էին դրվել Հայաստանի ազգային պատկերասրահում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանի ազգային պատկերասրահը մտադիր է վերականգնել Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») արձանը։
Արձանի վերականգնման և տեղադրման աշխատանքների համար հայտարարվելու է մրցույթ 2 փուլով` ընդհանուր 80 մլն դրամ արժեքով։
Հաշվի առնելով աշխատանքների առանձնահատկությունները` նախատեսվում է սահմանել գնման գործընթացի մասնակիցների կողմից ոչ պատշաճ որակի ծառայությունների մատուցման հնարավոր ռիսկերը փոխհատուցելու կարգ։ Մրցութային կարգն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։
Հիշեցնենք` թուջից ձուլված 11–մետրանոց արձանը 1982 թվականին տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանին հարակից հրապարակում։ «Փառք աշխատանքին» արձանը ժողովուրդը կոչեց «Բանվորի արձանը»։
Քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ` բանվորի արձանը ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։
1997 թվականին արձանն ապամոնտաժվեց և մասնատվեց, որոշ հատվածներ, որոնք արձանի անհետացումից 25 տարի անց հաջողվել էր գտնել ու պահպանել, 2022թ–ի հունիսին ցուցադրության դրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը