ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում բարձրացվել է Լաչինի միջանցքի բացման հարցը։ Այս մասին հայտնեց ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով` 2023 թվականի հունվարի 1-ին ԵԱՀԿ նախագահի պաշտոնում իր առաջին գործողությունը եղել է Լաչինի միջանցքի խնդրի շուրջ հեռախոսազրույցը Հայաստանի արտգործնախարարի հետ։
Դրան հաջորդել է ԵԱՀԿ-ում մշտական ներկայացուցիչների հատուկ հանդիպումը Վիեննայում։ Միրզոյանը հրավիրվել էր իրավիճակի վերաբերյալ իր մոտեցումները ներկայացնելու համար։
«Ես Բաքվում բարձրացրել եմ այս հարցը, ինչպես նաև մի շարք այլ հումանիտար հարցեր: Պատրաստվում եմ դա անել նաև այսօր, հականալու համար, թե արդյոք կա հնարավորություն կամուրջ կառուցել երկու երկրների միջև: Սա է մեր դերը որպես ԵԱՀԿ` երկրների միջև հարատև խաղաղություն ապահովելու համար մշտական երկխոսության հարթակ դառնալ»,- ասել է Օսմանին։
Նա նշել է, որ կազմակերպությունը զբաղվել և շարունակելու է զբաղվել աշխարհում ապրող մարդկանց խնդիրներով և կարիքներով, մասնավորապես՝ հումանիտար խնդիրներով։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը։
Փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Չնայած այս որոշմանը` Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։