ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Եվրոպայի երիտասարդների բռնցքամարտի չեմպիոն Հենրիկ Սահակյանը 3 տարով որակազրկվել է։ Այս մասին հայտնում է Հայաստանի «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ–ը։
Մարզիկին որակազրկել են 2023 փետրվարի 4-ից մինչև 2026 թվականի փետրվարի 4-ը ներառյալ։
«Ելնելով ներկայացված փաստաթղթերից և կարծիքներից, միանշանակ տեղի է ունեցել հակադոպինգային կանոնների խախտում»,– ասված է հաղորդագրությունում։
Հակադոպինգային գործակալությունը հիմք ընդունելով Համաշխարահին հակադոպինգային օրենսգրքի դրույթները` չեղյալ է համարել ՀՀ Բռնցքամարտի ազգային առաջնության ժամանակ Հենրիկ Սահակյանի ցույց տված արդյունքները (նա գրավել էր առաջին տեղը-խմբ.)։
Նա զրկվել է այն բոլոր մեդալներից, միավորներից ու մրցանակներից, որոնք ստացել է այս ժամանակահատվածում։
Հենրիկ Սահակյանը որակազրկման ժամանակահատվածում, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի 10.12-րդ հոդվածի համաձայն, չի կարող որևէ կարգավիճակով մասնակցել մրցումների, ՀՀ ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքների կամ այլ մարզական գործունեության (բացառությամբ հակադոպինգային կրթական կամ վերականգնողական ծրագրերի), որը կազմակերպվում է ազգային կամ միջազգային ֆեդերացիաների կողմից:
Նշենք, որ բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի մարզիչ Սամվել Պողոսյանը ապրիլի 6-ին հացադուլ էր հայտարարել ՝ ասելով, որ մարզիկի դոպինգ-թեստի արդյունքներն արժանահավատ չեն։
Բռնցքամարտի ֆեդերացիան իր տարածած հայտարարության մեջ նշել էր, որ 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել դրական դոպինգային պատասխանի պատճառով: