ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները այցելել են Սյունիք` ծանոթանալու Սիսիան-Քաջարան հատվածի ճանապարհաշինական աշխատանքներին։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի տրանսպորտի տնօրեն Հիդեակի Իվասակին և այլ ներկայացուցիչներին ուղեկցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4 ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը։
Նշենք, որ այդ ճանապարհը պետք է փոխարինի Գորիս–Կապան ավտոճանապարհին։
«Վերջիններս ուսումնասիրել են այն հատվածները, որտեղով պետք է անցնի նոր կառուցվելիք ճանապարհը, դիտարկել են ճանապարհի ծրագիրը, քննարկել ծրագրի հետ կապված մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
ԱԶԲ ներկայացուցիչները ծանոթացել են Գորիս–Կապանին այլընտրանքային ճանապարհի աշխատանքներին
Հիշեցնենք` նոր կառուցվող ճանապարհը թույլ կտա շրջանցել Տաթև–Կապան լեռնային հատվածը և շուրջ 1 ժամով կկրճատի ուղևորության ժամանակը Իրանի սահմանից դեպի Երևան։
2-րդ տեխնիկական կարգի Սիսիան-Քաջարան 60կմ նոր ճանապարհը, որն անցնելու է լեռնային բարդ ռելիեֆով, ներառելու է 4.7 կմ ընդհանուր երկարությամբ 27 կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ 9 թունելներ (ամենաերկարը Բարգուշատի թունելն է՝ մոտ 8,6 կմ երկարությամբ):
Հյուսիս-հարավ ծրագրի իրականացման համար մինչ օրս վարկային պայմանագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ), Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի և Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ: