ՌԱԴԻՈ

Արևմուտքը նպատակ ունի ՌԴ–ի հետ կոնֆլիկտը տեղափոխել մեր տարածաշրջան. Արմեն Ռուստամյան

ՀՀ ԱԺ պատգամավորը նշեց, որ այս իրավիճակում հայկական դիվանագիտությունը պետք է շատ լուրջ աշխատանք կատարի։
Sputnik
Հայաստանը պետք է նուրբ դիվանագիտությամբ թույլ չտա Արևմուտքին ՌԴ–ի հետ կոնֆլիկտը տեղափոխել մեր տարածաշրջան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը` անդրադառնալով Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, թե չեն ցանկանում Ռուսաստանին թույլ տալ, որ գերիշխող դիրք ունենա տարածաշրջանում։
«Մեր ամենավատ կանխատեսումները կարող են իրականություն դառնալ։ Եվրոպական կառույցների ներկայությունն այստեղ ոչ թե անվտանգային համակարգոմ բացերը լրացնելու նպատակ է հետապնդում, այլ Ռուսաստանի հետ իրենց կոնֆլիկտը այս տարածաշրջան տեղափոխելու։ Սա կարող է Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունենալ։ Պետք է ամեն ինչ անել, որ դա տեղի չունենա։ Ես պարզ տեսնում եմ, որ գլոբալ առումով գոյություն ունի Ռուսաստան–Արևմուտք լրջագույն առճակատում»,– ասաց Ռուստամյանը։
Ըստ Ռուստամյանի` Արևմուտքի նման վարքագիծն այս տարածաշրջանում լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար։ Եվրոպական երկրները փորձում են բոլոր հնարավոր վայրերում ճակատներ բացել ընդդեմ Ռուսաստանի, և կոնկրետ այս տարածաշրջանում հսկայական գոտի են փորձում ձևավորել Ռուսաստանի շուրջ։
Ինչու դիտորդները չզսպեցին էսկալացիան. քաղաքագետը` ԵՄ առաքելության նպատակների մասին
«Հայաստանը չի կարող իրեն այդպեսի շռայլություն թույլ տալ` մտնելու նման մեծ խաղի մեջ, և այդ մեծ հակադրության մեջ դառնալ խաղարկման առարկա։ Սա ամենավտանգավոր սցենարն է, և պետք է դրանից ամեն ձևով խուսափել։ Դրանից երբեք Հայաստանը չի կարող շահել, կարող է ընդհակառակը` կորցնել իր պետականությունը։ Նախ պետք է հերքվի, ապա կանխվի նման տրամաբանությունը»,–նշեց մեր զրուցակիցը։
Քաղաքական գործիչը չի բացառում, որ ավելի վաղ ՀՀ իշխանությունների կողմից արված հակառուսական հայտարարությունները կարող են լինել վերոնշյալ տրամաբանության մեջ, սակայն վերջին` Տեղ գյուղում տեղի ունեցած իրադարձություններից պետք է հետևություններ անեն և վերանայեն իրենց վարքագիծը ՌԴ–ի նկատմամբ։
Ռուստամյանը համոզված է, որ Ադրբեջանը և Թուրքիան օգտվում են այն բանից, որ Ռուսաստանի ուշադրությունը ուկրաինական ճակատում է, և նոր հավակնություններ են ներկայացնում Հայաստանի նկատմամբ։
«Եթե ԵՄ դիտորդները այն տրամաբանությամբ են գալիս ՀՀ, որ թույլ չտան` Թուրքիան ու Ադրբեջանն առիթից օգտվեն, դա մենք էլ կողջունենք։ Առայժմ դա չի նկատվում, իսկ մնացածը կասկածներ է հարուցում»,–ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բելգիական Soir թերթի հետ հարցազրույցում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործում իր ակտիվությունը բացատրել է նրանով, որ չի ցանկանում թույլ տալ Ռուսաստանին «տիրություն անել տարածաշրջանում»:
ԵՄ-ն չի մրցակցում Մոսկվայի հետ Հայաստան-Ադրբեջան հարաբերության կարգավորման հարցում. Կլաար