ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն առաջիկայում նախատեսում է գերբեռնված բեռնատարների կշռման թվայնացված համակարգ ներդնել։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակների ղեկավարի պարտականությունները կատարող Արմեն Դանիելյանը։
Նշենք, որ ճանապարհներին գերբեռնված մեքենաներով չերթևեկելու համար նախորդ տարի Սիսիանի ճանապարհին կշեռք է տեղադրվել։
ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ տեղի քաղաքացիներից հաճախ ահազանգեր է ստանում` շատ վարորդներ շրջանցում են այդ ճանապարհը Իշխանասարի խաչմերուկ–Անգեղակոթ–Շաքե հատվածով։
Արձագանքելով պատգամավորի դիտարկմանը` Դանիելյանն ընդգծեց, որ հարցը կառավարության համար առաջնահերթություն է և նման մեծ, կապիտալ ծախսերի ներդրումը ենթադրում է դրանց պատշաճ վերահսկողությունը։
«Մի քանի ամիս առաջ օրենք ընդունվեց, համաձայն որի` յուրաքանչյուր բեռնվածքի համար տուգանքի չափն ավելացվում է։ Ինչ վերաբերում է ռիսկերին, դրանք ցանկացած դեպքում առկա են, եթե մարդկային գործոն կա։ Մտավախություններ ունենք այդ մասով, և այդ խնդիրը համակարգային լուծելու համար կառավարությունը երկփուլ մրցույթ է հայտարարել։ Դրանով մենք ակնկալում ենք բեռնատարների կշռման թվայնացված համակարգ ներդնել։ Առաջին փուլի հայտերն արդեն ընդունվել են»,– ասաց նա։
Փակագծեր բացելով նա ընդգծեց` նոր թվայնացված համակարգով ենթադրվում է, որ բեռնատարը պետք է ընթացքի մեջ կշռվի և մինչև ակտի ընդունումն ու իրավախախտողին հասցնելը գործընթացն ավտոմատացված կիրականացվի
Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց, թե որքան ժամանակ է անհրաժեշտ հարցի լուծման հասնելու համար և որ կառույցը պետք է ստուգումներ իրականացնի շրջանցող ճանապարհների մոտ։
«Պետությունն է պարտավոր ճանապարհի որևէ հատվածում կանգնեցնել և կշռում իրականացնել։ Եթե տվյալ քաղաքացին կարողանում է շրջանցել ճանապարհը, ըստ էության` չենք կարող օրենքի խախտում համարել»,– նշեց Դանիելյանը։
Նա ընդգծեց, որ իրենք նպատակ ունեն այդ նոր կշեռքներն այնպես կահավորել, որ ցանկացած եղանակով շրջանցելու պարագայում վարորդը հայտնվի կշռման դաշտում։ Տեխնիկական առաջադրանքը հենց այդպիսին է եղել մրցույթի համար։