ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Առողջապահության նախարարության առաջարկով վերանայվում է զենք կրողների ցանկը։ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կվերանայվի «Զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկը հաստատելու մասին» որոշումը:
Այս մասին նշված է գերատեսչության ֆեյսբուքյան էջում։
Փոփոխությունների համաձայն` զենք ձեռք բերելու, կրելու և օգտագործելու իրավունք չեն ստանա նրանք, որոնց մոտ առկա են հոգեկան խանգարումների տեսակներ, նյարդային համակարգի հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ականջի, վերին շնչառական ուղիների հիվանդություններ, ողնաշարի և կրծքավանդակի հիվանդություններ, զարգացման արատներ։
Բացի այդ, զենք կրել չի թույլատրվի վիրաբուժական մի շարք հիվանություններ ունեցողներին, այդ թվում՝ մաշկի հետայրվածքային, հետվնասվածքային, հետվիրահատական տարածուն սպիներ` վերին վերջույթի շարժումները զգալի չափով սահմանափակող, ինչպես նաև վնասվածքների հետևանքներ ունեցողներին` ֆունկցիաների զգալի խանգարմամբ, ինչպես նաև ապրելակերպի հետ կապված խնդիրներ ունեցողներին: