ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Զինծառայողներին արգելելով սմարթֆոն օգտագործել` կկանխվի նաև խաղադրույքներ կատարելու գործընթացը, որը համընդհանուր բնույթ է կրում։ ԱԺ–ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ ԶՈւ կարգապահական կանոնագիրք» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Նա նշեց, որ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են ծառայության կրման ցանկացած վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով, բացառությամբ` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված դեպքերի։
«Սմարթֆոնների կրումն արգելվելու է ոչ միայն մարտական հենակետում կամ դիրքերում ծառայություն իրականացնող զինվորներին, այլ նաև զորամասերում։ Ինտերնետ հասանելիություն ունեցող «խելացի հեռախոս» կոչվածներն օգտագործելու հետևանքով, հակառակորդը տեխնիկական միջոցների օգտագործմամբ կարող է տեղորոշում իրականացնել։ Բացի այդ, դրանցով կարող են սոցցանցերի միջոցով առաջարկվող խայծն օգտագործել, ներքաշվել ինչ-ինչ հարցերում»,–ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով` սահմանափակումը վերաբերելու է նաև պլանշետներին։ Փոխնախարարը նշեց, որ պատասխանատվությունը պետք է խստացնեն, որպեսզի ծնողները ոչ մի կերպ բանակում ծառայող իրենց տղաներին սմարթֆոններ չտանեն։ Սարգսյանը հավելեց, որ կոնկրետ հեռախոսներ կան, որոնց կրումը բանակում թույլատրվում է։
Հիշեցնենք, որ օրենքների փոփոխություններով սահմանվում են նաև զինվորական համազգեստով հավաքների կամ հանրային բողոքի բնույթ ունեցող այլ միջոցառման մասնակցելու արգելքը, ինչպես նաև անհատական կամ կոլեկտիվ կերպով քաղաքական բնույթի կոչեր հնչեցնելու արգելքը։
Արգելվում է նաև համացանցով, ԶԼՄ–ներով ԶՈւ գործունեության կամ տեղակայման, կամ էլ իր կամ այլ զինծառայողի գտնվելու մասին մասին փաստող տեղեկություններ, տեսանյութեր, լուսանկարներ տարածելն ու քննարկելը, բացառությամբ պաշտոնական բնույթ ունեցող հրապարակումներին։ Պայմանագրային զինծառայողների համար էլ սահմանվում է սահմանային տարիքը լրանալուց հետո մինչև տասը տարի ժամկետով ծառայությունը երկարաձգելու հնարավորություն` մեկական տարով։