ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Հայաստան այցի շրջանակում եղել է Զինվորի տանը և այնտեղի շահառու տղաներին, որոնք մասնակցել են լուսանկարչության, ատամնատեխնիկական ու խոհարարական գործի դասընթացներին, հավաստագրեր է տվել։ Տեղեկությունը հայտնում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը։
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն` Զինվորի տանը
Դասընթացներն անցկացվել են ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի և Օվերն-Ռոն-Ալպ ֆրանս-հայկական ասոցիացիայի աջակցությամբ։ Ընդհանուր առմամբ դասընթացներն անցկացվել են 3 փուլով, դրանց Զինվորի տան 26 շահառու կամ նրանց ընտանիքի անդամ է մասնակցել։
Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն` Զինվորի տանը
Երրորդ փուլի դասընթացն անցել է 10 մասնակից, հավաստագրերը նրանց է հանձնել Լիոնի քաղաքապետը:
«Քաղաքապետն իր հիացմունքը հայտնեց այն առիթով, որ Զինվորի տունը հոգում է տղաների ոչ միայն առողջական, այլև կրթական ու սոցիալական խնդիրները: Պատվիրակության կազմում և Զինվորի տան հյուրերի թվում էր նաև Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը: Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած տղաներն ու նրանց ընտանիքների անդամները հավաստագրեր ստացան հենց Գրեգորի Դուսեի ձեռքից»,– ասված է հաղորդագրությունում։
Դասընթացի 26 մասնակցից 14-ն արդեն աշխատում է նոր մասնագիտությամբ: Այս կառույցների և Զինվորի տան միջև պայմանագիր է կնքվել 2022 թվականի ապրիլին: