ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Վերին Լարսի անցակետում ՌԴ մաքսային ծառայության միասնական համակարգը վերականգնվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ–ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը` մեկնաբանելով սահմանային անցակետում ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մաքսային մարմինների միասնական համակարգի աշխատանքի խափանման հետևանքով Վերին Լարսի անցակետի մոտ, սահմանի ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերում շուրջ 1400 հայկական բեռնատար է հայտնվել հերթում։
«Սահմանային կետը անցել է իր բնականոն աշխատանքային ռեժիմին»,–հայտնեց Վահան Հակոբյանը։
Հիշեցնենք` ՌԴ մաքսային ծառայության էլեկտրոնային համակարգը խափանվել էր ապրիլի 10-ին։ Այդ պատճառով անհնարին էր դարձել էլեկտրոնային համակարգում բեռների ձևակերպումը: