Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա

Մարիա Զախարովան ասել է, որ ստեղծված իրավիճակում խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Մենք հանդես ենք գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին` համապատասխան ջանքեր են գործադրվում մեր երկրի պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից` մեր գերատեսչության (ՌԴ ԱԳՆ,–խմբ.) հետ փոխգործակցությամբ»,– ասել է Զախարովան:
Նրա խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ ունեն այդ կապակցությամբ։
«Խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը, օրական տասնյակ տոննա մարդասիրական բեռ է ներկրվում»,–նշել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։