Նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը. ԵՄ

ԵՄ առաքելությունը Հայաստանում
Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը սահմանազատման շուրջ բանակցությունների ինտենսիվությունը պետք է բարձրացնեն, իսկ մինչ այդ պահպանեն 1991 թվականի սահմանը՝ դրանից անվտանգ հեռավորություն պահպանելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Նախքան դելիմիտացիան Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պահպանեն 1991 թ.–ի սահմանը, այս մասին ասվում է Եվրամիության դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ՝ կապված սահմանամերձ Տեղ գյուղի մոտ տեղի ունեցած բախումների հետ։ Շեշտվում է՝ կողմերի Զինված ուժերը պետք է ներկայիս սահմանից անվտանգ հեռավորություն պահպանեն միջադեպերը բացառելու համար։
Կողմերը նաև պետք է կատարեն նախկին՝ ներառյալ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված պարտավորությունները՝ կապված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ:
ԵՄ-ն կոչ է անում ավելի ինտենսիվ բանակցություններ սկսել սահմանազատման շուրջ և վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցելու այս գործընթացին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասնակցությամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։