Միջազգային գործընկերների ջանքերը կարևոր են. Ավանեսյանը` ադրբեջանական ագրեսիայի մասին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը
Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը վշտակցություն է հայտնել զոհված հայ զինծառայողների ընտանիքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կարևորում է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիաները կանխելու գործում միջազգային գործընկերների ջանքերը: Այս մասին նախարարն ասել է Եվրոպայի խորհրդի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։
Նշվում է, որ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպմանը վշտակցություն է հայտնել երեկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին, շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցությունը` կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների պաշտպանության վերաբերյալ «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ II» ծրագրի շրջանակներում:
Նշվում է, որ ԵԽ-ի հետ առաջին համագործակցությունը եղել է հաջողված: Ընդունվել են Էթիկայի հանձնաժողովի ձևավորման կարգը, բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները, իրականացվել է մարդու իրավունքների և էթիկական սկզբունքների եվրոպական ստանդարտներին ազգային օրենսդրության համապատասխանեցում:
Կարևորվել են նաև քրեակատարողական համակարգում ազատությունից զրկված անձանց որակյալ առողջապահական ծառայություններ ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները:
Ընդգծվել է, որ երկրորդ փուլում թիրախային կլինի նաև հոգեկան առողջության պահպանման ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությունը: