ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Ինքնորոշվել նշանակում է լինել որևէ տեղ և տեղափոխվել մեկ այլ տեղ. Մադրիդյան սկզբունքներից առաջ ԼՂ-ի համար այդ տեղը Խորհրդային Միությունն էր, իսկ Մադրիդյան սկզբունքներից հետո Ադրբեջանն է։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով դիտարկմանը, թե երբ հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, դա ասոցացվում է ԼՂ–ից հրաժարվելու հետ։
Փաշինյանը շեշտեց` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ–ն ճանաչել է Ադրբեջանի մաս։
«Մենք ֆունդամենտալ պետք է անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում։ Անկհայտորեն այդտեղ ունենք 2 մաս` մինչև Մադրիդյան սկզբունքները և դրանից հետո։ Մինչև Մադրիդյան սկզբունքները հայկական կողմի դիրքորոշումն է եղել, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը` ստանալով անկախություն։ Սա ֆիքսված է Ալմա Աթայի պայմանագրում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` 2007-ին իշխանության փոխանցման շրջանում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնն էր զբաղեցնում, առաջ եկան Մադրիդյան սկզբունքները, որտեղ ընդգծվում էին տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները։ Ըստ Փաշինյանի` այդտեղ նշվում էր նաև, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը, և դրա մեխանիզմը պետք է համաձայնեցված լինի Ադրբեջանի կողմից։ Վարչապետի խոսքով` այդպիսով շատ լրջագույն կոնցեպտուալ փոփոխություն է տեղի ունեցել։
«Այդ սկզբունքների հեղինակը, ըստ հավաստի տեղեկությունների, հայկական կողմն է եղել։ Այստեղ հարց է ծագում` եթե ԼՂ-ն մենք, դուք, իրենք չեն համարում Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ։ Այդ տրամաբանությունը, որ նրանք դրել են, նշանակում է, որ ԼՂ–ն Ադրբեջանի մաս է կամ պետք է լինի Ադրբեջանի մաս, որ ինքնորոշվի։ Հակառակ դեպքում ումի՞ց է ինքնորոշվում»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ սա իրենց մեծագույն բացթողումն է, որի մասին 2018-ից հետո չեն խոսել և ժողովրդին բացատրել այս ամենը։
Դրանից հետո էլ, ըստ Փաշինյանի, ՀՀ–ն գնացել ու բանակցային սեղանին ներկայացրել է ԼՂ իրավունքները, այսպիսով դեֆորմացվել է ԼՂ հարցի ամբողջ էությունը։
«Այսօր դրա պտուղներն ենք քաղում»,– ավելացրեց նա։
Ըստ վարչապետի` մտածել են, որ ինչ-որ ձևով հնարավոր է այդ թակարդից դուրս գալ, սակայն այդ թակարդը միջազգայնորեն համաձայնեցված է եղել, ինչի համար էլ չի ստացվել որևէ բան անել։