ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգությանը։
Ճիշտ ժամանակին ասելով` Հակոբյանը նկատի ունի 2022 թվականի օգոստոսից մինչև այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։
Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Երևանն ու Բաքուն ձեռք են բերել պայմանավորվածություն, ըստ որի նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:
Հակոբյանի կարծիքով` այստեղ ոչ թե զինվորականների, այլ կառավարման խնդիր է։
«Բացթողումն այն է, որ իմանալով, որ ապրիլի 1–ից ճանապարհի փոփոխություն է կատարվելու և այդտեղ պետք է նոր դիրքեր տեղադրվեն, մենք ոչինչ չենք արել։ Խնդիր չի առաջադրվել, որ նախօրոք խրամատներ փորվեն, դիրքեր փորվեն, բարենպաստ դիրքերն առաջինը մենք զբաղեցնենք, որովհետև հակառակորդը դեռևս այնտեղ չէր։ Իշխանությունը հույսը դրել է «բարեկիրթ» Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները կգան, կպայմանավորվեն։ Այսքան փորձություններից հետո մենք խելքի չեկանք, որ Ադրբեջանը բարեկիրթ չէ»,–ասաց նա։
Միևնույն ժամանակ ԳՇ նախկին պետը ընդգծում է, որ,, Ադրբեջանը Հայաստանից խելացի գտնվելով, ապրիլի 1–ից մեկ օր առաջ կարևորագույն դիրքերը զբաղեցրել է, ընդ որում` նաև ՀՀ տարածքում և մեր երկրի տարածքում փորձում է դիրքեր բարելավել և դիրքեր տեղադրել։
Հակոբյանը վստահեցնում է` հակառակորդը հիմա թույլ չի տա հայկական կողմին այնպիսի դիրքեր տեղադրել, որը հետագայում իրենց կարող է վնաս պատճառել։ Եվ Տեղում տեղի ունեցած միջադեպի պատճառը ոչ թե ադրբեջանական մեքենայի ՀՀ դիրքերին մոտենալն է, այլ այն, որ այդ մեքենան եկել էր իրենց պահանջը ներկայացնելու, որ թույլ չեն տալու այնտեղ դիրքավորվել։
«Այդ սյուժեն անկախ մեքենայի մոտենալուց տեղի էր ունենալու։ Սպասել ենք թուրքերը տեղադրեն իրենց դիրքերը, մեզ դուր չի եկել, դրանից հետո փորձում ենք մենք տեղադրել։ Օգոստոսից մինչև հիմա մենք հնարավորություն ունեինք այնտեղ և՛ դիրքեր, և՛ ամրաշինական կառույցներ ստեղծելու, որ այսպես հապճեպ, բաց դաշտում չփորձեին այդպիսի խնդիրներ լուծել։ Հիմա ինձ համար անհասկանալի է` այսօր ինչ իրավիճակ է այնտեղ` ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, ո՛չ բարեկամություն»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է Տեղում կատարվածի հանգուցալուծմանը, Հակոբյանն ասում է` միշտ կա երկու ելք` կա՛մ պատերազմ, կա՛մ խաղաղություն։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որ կողմը որն է նախընտրում։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։