Հենց Երևանում պատրաստ լինեն. Զախարովան՝ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կոչ է արել ՀԱՊԿ առաքելության տեղակայման ժամկետները Երևանից ճշտել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի - Sputnik. Մոսկվայում կարծում են, որ հենց Երևանում պատրաստ լինեն, ապա կարելի է վերադառնալ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության ծավալման կոնկրետ մոդալությունների, մանրամասների, ասպեկտների ամրագրման առարկայական աշխատանքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նաև մեջբերել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հիշեցնելով, որ «ռուսական կողմը բավարարված է նրանով, որ Հայաստանը պահպանում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու շահագրգռվածությունը»:
Ինչ վերաբերում է առաքելության տեղակայման ճշգրիտ ժամկետներին, ապա Զախարովան նշել է, որ այդ հարցը պետք է Երևանին ուղղել, քանի որ առաքելությունը գործելու է Հայաստանի տարածքում:
Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել է, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական ՝ կապված Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ: