ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի – Sputnik. Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 2023 թվականի վերջին կարող է գերազանցել 2 միլիոնը։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ։
«Միանգամայն հնարավոր է, որ մենք նույնիսկ կարողանանք հասնել 2026 թվականի համար կառավարության սահմանած նպատակին՝ 2,5 մլն զբոսաշրջիկ», - ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ առաջին երեք ամիսների ընթացքում 450 հազար զբոսաշրջիկ է ՀՀ այցելել։ Գերատեսչությունը ուսումնասիրություն է սկսել, որը թույլ կտա հասկանալ, թե մեկ զբոսաշրջիկը միջինը որքան է ծախսում Հայաստանում։ Նշենք, որ հետազոտությունն իրականացվելու է մեկ օրացուցային տարվա ընթացքում։ Այն թույլ կտա հստակ պատկեր ու բազմաթիվ հարցերի պատասխան ստանալ։
Քերոբյանը հավելեց, որ կառավարությունն հինգ անգամ ավելացրել է զբոսաշրջության համար հատկացումները և հասցրել 1 մլրդ դրամի (մոտ 2,5 մլն դոլար):
Նախարարը խոսեց նաև 20 նոր զբոսաշրջային կլաստերների ստեղծման նախապատրաստական աշխատանքների մասին: Բացի այդ, առաջիկայում կառավարության հաստատմանը կներկայացվի զբոսաշրջության մասին նոր օրենքը։ Այս ամենը թույլ կտա ոլորտը նոր մակարդակի հասցնել։