Գուցե այլ երկրի գործակալներ են. Փաշինյանը` բարձրաստիճան որոշ զինվորականների մասին

Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետը չի հասկանում, թե ինչն է դրդում բարձրաստիճան հայ զինվորականներին հրամայել զորքին թողնել դիրքերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կասկածում է, որ ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան պաշտոնյաներն այլ երկրի գործակալներ կարող են լինել։ Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի` 5-րդ շարասյան մասին հարցին։
Նա նաև մի պատմություն հիշեց, որտեղ ադրբեջանական կողմը գրոհել է և ՀՀ տարածքում գրավել բարձունք, ինչից հետո հայկական կողմը հակագրոհել է և վերադարձրել բարձունքը։ Բարձրաստիճան զինվորականը մեղադրվում է, որ հրամայել է այդ հետ վերցրած բարձունքից զինծառայողներն իջնեն, թողնեն բարձունքը։
Մադրիդյան սկզբունքներով է Հայաստանը ԼՂ–ն ճանաչել Ադրբեջանի մաս. Նիկոլ Փաշինյան
«Ըստ էության, հրամայել է բարձունքը թողնել թշնամուն։ Խնդիրն այն է, որ այս գործողությանը չկա բացատրություն, թե ինչու են հանձնվում։ Իմ ունեցած տեղեկություններով՝ մենք նմանատիպ իրավիճակներ էլի ունենք։ Օրինակ` բարձրաստիճան զինվորականը զորքի մեջ խուճապ է տարածում։ Ենթակային ասում է, որպեսզի վերջինս գնա ու խուճապ տարածի, որպեսզի դիրքերը թողնեն և հեռանան։ Մեկ այլ դեպքում էլ պայմաններ են ապահովում, որպեսզի հակառակորդն առանց որևէ բարդության տարածքներ գրավի, հետո, երբ փաստերը դրվում են նրա դիմաց, ասում է` հա, մեղավոր եմ։ Իմ կարծիքով և վերլուծությամբ, գուցե այդ մարդիկ այլ երկրի հավաքագրված գործակալներ են։ Ինքը պետք է վերևից` ինձնից հրաման ստացած լինի, բայց ես նման բան չեմ արել, ուրեմն ինքն ուրիշ տեղ «վերև» ունի»,– նշեց Փաշինյանը։
Նա հույս հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հանգնամանքները քննող հանձնաժողովում կանդրադառնան այդ հարցերին։