Առայժմ տեղեկություն չկա` ինչպիսին է ԵՄ դիտորդների զեկույցը Տեղի դեպքի մասին. Միրզոյան

Արարատ Միրզոյանը նշեց, որ նման դեպքերում ԵՄ դիտորդները ոչ հրապարակային ձևով Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում իրենց արձանագրածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Երեկ Տեղում ադրբեջանական կողմից տարբեր զինատեսակներով հայկական ԶՈւ–իզինծառայողների և դիրքերի ուղղությամբ կրակոցների վերաբերյալ տեղեկացվել է ԵՄ առաքելությունը։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր արդեն ԵՄ մամուլի ծառայությունը հայտնել է` հայկական կողմը տեղյակ է պահել առաքելությանը երեկվա դեպքերի մասին` նշելով, որ դեպքի ժամանակ նրանք այնտեղ չեն եղել։
«Սակայն իրենց դիտարկումներն արել են և իրենց զեկուցման մեխանիզմն ունեն` ոչ հրապարակային ձևով Բրյուսելում ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում։ Առայժմ տեղեկություն չունենք, թե ինչպիսին է այդ զեկույցը»,–ասաց նախարարը։
Միրզոյանը նշեց, որ նման իրավիճակներում անմիջապես տեղեկացնում են բոլոր միջազգային գործընկերներին` այդ թվում ԵՄ–ին և ԵՄ անդամ երկրներին։ Նրա խոսքով` հայկական կողմի` խնդրի մասին տեղեկացմամբ ակնկալում են միջազգային գործընկերների արագ արձագանքը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։