Առաջիկայում ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ կլինեն. Միրզոյան

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
Արարատ Միրզոյանը նշեց, որ ադրբեջանական կողմի հետ հանդիպումներ անցնակցնելու առաջարկներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի- Sputnik. Հայկական կողմը պատրաստ է վերսկսել հանդիպումներն Ադրբեջանի հետ։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, թե միջազգային կառույցները կոչ են անում ՀՀ–ին վերադառնալ բանակցային սեղան` նշեց, որ հայկական կողմը հետաձգել է վերջին հանդիպումն ադրբեջանական կողմի հետ, ինչը պայմանավորված է եղել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով։
«Բանակցային գործընթացն այս ընթացքում կանգ չի առել` մի քանի անգամ խաղաղության պայմանագրի հետ կապված առաջարկներով ենք փոխանակվել։ Այժմ տարբեր գործընկերների կողմից կան առաջարկներ հանդիպումներ կազմակերպել, և առաջիկայում նամն հանդիպումներ տեղի կունենան»,–ասաց Միրզոյանը։
Միաժամանակ, նախարարը նշեց, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների վերջնական կարգավորումը, տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումն առանց ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման, իրատեսական չէ։
Նա վերահաստատեց հայկական կողմի դիրքորոշումը` Բաքու-Ստեփանակերտ միջազգային մեխանիզմի շրջանակներում պետք է լուծում գտնեն ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության խնդիրները։ Այդ խնդիրների խումբը ՀՀ–Ադրբեջան կարգավորման մեծ գործընթացի մաս է։