ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. Պենտագոնի բժշկակենսաբանական ծրագրերը նախկին խորհրդային հանրապետություններում կենտրոնացած են վարակների տարածման ուսումնասիրության վրա, ասվում է ՌԴ Պետդումայի՝ Ուկրաինայում ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը հետաքննող հանձնաժողովի ամփոփիչ զեկույցում:
«Պենտագոնի բժշկակենսաբանական ծրագրերը նախկին խորհրդային որոշ հանրապետություններում կենտրոնացած են չվող թռչունների, չղջիկների և հոդվածոտանիների կողմից վտանգավոր վարակների հարուցիչների տարածման հնարավորությունների ուսումնասիրության վրա, որոնք ամերիկացի մասնագետների կողմից դիտարկվում են որպես վտանգավոր միկրոօրգանիզմների առաքման հավանական բնական միջոցներ»,-ասված է զեկույցի տեքստում:
Զեկույցում ասվում է, որ հետխորհրդային տարածքում Պենտագոնի կենսաբանական ծրագրերի իրականացման շարունակման դեպքում կենսաբանական սպառնալիքների ուժեղացման իրական վտանգ կա՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական ընկերակցության, ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում ազատ տրանսպորտային և ապրանքային հոսքերը, աշխատանքային միգրացիան, վայրի կենդանիների և թռչունների, օդային զանգվածների, անդրսահմանային գետերի տեղաշարժի ուղիները:
«ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագիրը ոչ միայն չի փակվել, այլ վերջին տարիներին լայնածավալ բնույթ է ստացել՝ հարձակողական գործողությունների կողմնորոշմամբ, և իրականացվում է Կենսաբանական զենքի կոնվենցիայով թույլատրված գործունեության, ինչպես նաև հակաահաբեկչական նախագծերի քողի տակ»,-ասված է փաստաթղթում:
Կենսալաբորատորիաների գործունեությունը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովը պարզել է նաև, որ Ուկրաինայում փորձարկվել է կենսաբանական լաբորատորիաների հետ կապված բոլոր վտանգավոր վարակների մասին տեղեկատվության հավաքման համակարգ, Պենտագոնը հնարավորություն է ունեցել տվյալները դիտել իրական ժամանակի ռեժիմում:
«Ուկրաինայի տարածքում փորձարկվել է վարակիչ հիվանդությունների մոնիթորինգի էլեկտրոնային ինտեգրված համակարգ, որն ընդգրկել է կենսալաբորատորիաների ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակները և ապահովել է բոլոր վտանգավոր վարակների մասին տեղեկատվության հավաքագրումը»,-նշվում է զեկույցում:
Նշվում է, որ համակարգից ստացված այդպիսի տեղեկատվությունը Պենտագոնին թույլ է տալիս միակողմանի կարգով, իրական ժամանակի ռեժիմում «երկրի տարածքում վարակիչ հիվանդությունների ընթացքի մոնիթորինգ» իրականացնել, ինչպես նաև հետևել բնակիչների վրա քիչ ուսումնասիրված պաթոգենների ազդեցությանը և վարակների տարածման քարտեզներ կազմել: