Սոթքի ոսկու հանքի աշխատանքը դադարեցվել է, աշխատակիցները տարհանվել են

Սոթքի հանքավայր
Սոթքի հանքավայր
Ադրբեջանական զինուժի կրակոցներից հետո որոշվել է տարհանել հանքի աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, աշխատակիցներին ստիպված են եղել տարհանել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Գեոպրոմայնինգ» ընկերությունից։
«Ժամը 17։15-ի սահմաններում փոխհրաձգություն սկսվեց, ընկերությունը ստիպված եղավ դադարեցնել հանքի աշխատանքը և տարհանել անձնակազմին աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս պահին հանքը չի աշխատում», - հայտնեցին ընկերությունից։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։