ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վերադառնում է Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Նախարարը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։ Այսօր նա այցելել էր ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատարության շտաբ:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: