Տեղ գյուղի ուղղությամբ փոխհրաձգության ինտենսիվությունը նվազել է. ՊՆ

ՊՆ
Ըստ ՊՆ–ի` Վարդենիսի ուղղությամբ իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ժամը 19:00-ի դրությամբ Տեղ գյուղի ուղղությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է»,– ասված է հաղորդագրությունում:

ՊՆ–ն հերքել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր։
«ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ իրանական անօդաչու թռչող սարքեր չկան»,– ընդգծել է գերատեսչությունը` հորդորելով չճշտված տեղեկություններ չհրապարակել, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։ Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։