ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Այսօր առավոտյան AMC Airlines-ի Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռը ժամը 7։53–ին վայրէջք է կատարել թուրքական Էրզրումում, տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Աղաբեկյանը։
«Եղանակը Երևանում շատ վատ է եղել, տեսանելիությունը` նույնպես։ Եղանակային նման անբարենպաստ պայմաններում կտրականապես արգելվում է վայրէջք կատարելը, ինչի համար էլ մոտակա օդանավակայաններում են իջնում։ Սա սովորական դեպք է` ցանկացած երկրում ցանկացած ավիաընկերության հետ կարող է լինել»,–ասաց Աղաբեկյանը։
Նրա խոսքով` վերջին տվյալներով` ինքնաթիռը դեռ կանգնած է Էրզրումում, սակայն յուրաքանչյուր պահի կարող է վերադառնալ, քանի որ եղանակը բացվել է։ Ինչ վերաբերում է ուղևորներին, ապա, ըստ Աղաբեկյանի, հնարավոր է` ուղևորները սպասեն ինքնաթիռում, հնարավոր է` նրանց իջեցնեն։ Դա կախված է սպասելու ժամանակից։
Աղաբեկյանը հավելեց, որ այսօր Air Dilijans ավիաընկերության Մոսկվա–Երևան թռիչքն էլ 6։40-ին իջել է Թբիլիսիում` կրկին նույն պատճառով։ Այս ինքնաթիռը, սակայն, արդեն վերադառնում է Երևան։