Սեյրան Օհանյանին, Գրիգորի Խաչատուրովին և ևս 11 անձի մեղադրանք է առաջադրվել

ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացրել է հոդվածները, որոնցով մեղադրվում են նախկին պաշտոնյաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ևս 12 անձի վերաբերյալ քրեական վարույթի («Գաղտնի» նշագրմամբ) նախաքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։
Վարույթի շրջանակում մեղադրանք է ներկայացվել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 3 դրվագ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում և պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ),
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովին` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով և պաշտոնեական դիրքն օգտագործելով),
«Մոսթոն Ինժիներինգ» ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթի կեղծում):
Մեղադրանք է ներկայացվել նաև 9 անձի:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության համաձայն` Սեյրան Օհանյանն անցնում է նաև մեկ այլ քրեական գործով, որը վերաբերում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
«Պատրոն Դավոյին» կրկին կալանավորել են
Մասնավորապես, ըստ քրեական գործի նյութերի` 2018 թվականին ձեռք է բերվել 4232 հատ ժամկետանց հրթիռ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։