ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Սյունիքի Տեղ գյուղի հատվածում գրանցված սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ»,– ընդգծել է գերատեսչությունը։
ՀՀ ԱԳՆ–ն նշել է, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:
«Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,– եզրափակել է ԱԳՆ–ն:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: