ՌԴ և Ուկրաինա թռիչքների սահմանափակումները Եվրոպայի համար կպահպանվեն մինչև 2029 թվականը

Ինքնաթիռը երկնքում
Ուկրաինայի օդային տարածքը փակ է 2022 թվականի փետրվարի 24-ից։ Եվրամիությունում կարծում են, որ սահմանափակումները դժվար թե հանվեն նույնիսկ 6 տարի անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի օդային տարածքում քաղաքացիական ավիացիայի թռիչքների սահմանափակումները կպահպանվեն առնվազն մինչև 2029 թվականը։ Այս հետևությունն արվել է Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպության իրավիճակի վերլուծությունից:
Կազմակերպությունը կարծում է, որ Եվրոպայի ավիացիոն արդյունաբերությունը դեռ լիովին չի վերականգնվել կորոնավիրուսի համաճարակից, խնդիրներ են առաջանում նաև Ուկրաինայում հակամարտության հետ կապված:
Անցած տարվա ընթացքում Ուկրաինայում չվերթերի թիվը նվազել է 90%-ով, Մոլդովայում՝ 61%-ով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով անսպասելիորեն աճել է չվերթերի թիվը դեպի Հարավարևելյան Եվրոպայի և Կովկասի երկրներ, Թուրքիա, իսկ Հյուսիսային Եվրոպայի պետությունները գրանցել են չվերթերի թվի անկում՝ Ռուսաստանի օդային տարածքով դեպի Ասիա թռիչքների դադարեցման պատճառով։
Ուկրաինան փետրվարի 24-ի առավոտյան ռուսական ռազմական գործողության մեկնարկից հետո փակել է օդային տարածքը քաղաքացիական ավիացիայի համար: Եվրամիության երկրները, ի թիվս այլ պատժամիջոցների, արգելել են ռուսական ավիաընկերություններին օգտագործել իրենց օդային տարածքը, Մոսկվան նմանատիպ միջոցներ է ձեռնարկել եվրոպական ընկերությունների դեմ:
Տարեսկզբին Անվտանգության եվրոպական կազմակերպությունն արդեն նախազգուշացրել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի օդային տարածքի փակման պատճառով եվրոպական ընկերություններին չվերթեր իրականացնելու համար հասանելի է սովորական տարածքի միայն 80%-ը, սա ծանրացնում է մասնատված օդային տարածքի բեռը։