«ՔՊ–ականները խուլիգանական վարքագիծ են դրսևորել». Էդգար Ղազարյանը հաղորդում է ներկայացրել

Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանի ներկայացրած հաղորդումը վերաբերվում է ապրիլի 4–ին ԱԺ հանձնաժողովի նիստում տեղի ունեցած իրադարձություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը պաշտոնապես գրավոր հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորների կողմից կատարված առերևույթ մի շարք հանցագործությունների փաստի առնչությամբ։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Ղազարյանը նշել է, որ խոսքը վերաբերում է 2023 թվականի ապրիլի 4-ին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում կատարվածին (ընդդիմությունը նրան ՄԻՊ թեկնածու էր առաջադրել, և վերոնշյալ հանձնաժողովի նիստում քննարկվում էր նրա թեկնածության հարցը)
«Հիշյալ խմբակցության մի շարք պատգամավորներ, ակնհայտորեն ձևավորելով ենթադրյալ հանցավոր խումբ, կատարելով նախնական դերաբաշխում խմբի անդամների միջև, փոխադարձ համաձայնեցված և փոխլրացնող գործողություններով, ցուցաբերել են ակնհայտ խուլիգանական վարքագիծ, հնչեցրել են ֆիզիկական բռնության սպառնալիքներ, խոչընդոտել են իմ, կարգավիճակից բխող հանրային գործունեությունը, տապալել են հանձնաժողովի աշխատանքն ու բնականոն գործունեությունը»,–գրել է Ղազարյանը։
Հասարակական գործիչը հավելել է, որ այդ օրը ՔՊ–ականների իրականացրած գործողությունները հստակ նկարագրված են ՀՀ քրեակատարողական օրենսգրքի միաժամանակ մի շարք հոդվածներում, որոնք ինքը հստակ մատնանշել է ներկայացրած հաղորդման մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 4–ին Ազգային ժողվում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը անցավ բավական լարված մթնոլորտում և ՔՊ–ականների ու ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանի միջև փոխադարձ վիրավորանքների ուղեկցությամբ։ Մասնավորապես վիրավորանքների տարափով աչքի ընկավ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։