Պատգամավոր Մհեր Սահակյանին ազատազրկում չի սպառնում․ ՀՀ գլխավոր դատախազ

Այս դեպքում պատժամիջոցը կարող է լինել հանրային աշխատանքը կամ տուգանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ազատազրկում չի սպառնում, քանի որ քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակ կիրառել։ Այսօր ԱԺ–ում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատգամավոր Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը ներկայացնելու ժամանակ։
Մհեր Սահակյան
ՀՀ գլխավոր դատախազը հիշեցրեց, որ քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք` առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից։

«Այս դեպքում կիրառելի են այլ պատժատեսակներ, օրինակ` հանրային աշխատանք կամ տուգանք»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։