Մենք ֆուտբոլ չենք խաղում. Խանդանյանը բառացի՞ է հասկացել Զախարովայի խոսքը

Արխիվային լուսանկար
Սարգիս Խանդանյանն արձագանքել է Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ ՀՀ ՀԱՊԿ խաղաղապահ առաքելություն ուղարկելու առումով գնդակը Հայաստանի կիսադաշտում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Մենք ֆուտբոլ չենք խաղում, այլ ՀՀ անվտանգության մասին ենք խոսում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նամն կարծիք հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
Ապրիլի 5-ին Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից` գնդակը Երևանի դաշտում է։
«Այս հարցում համապարփակ մոտեցումներ են պետք, և գնդակներ միմյանց փոխանցելու խնդիր չկա։ Մեր դիրքորոշումը մնում է նույնը` պետք է հստակ արձանագրվի տեղի ունեցածն ու գնահատական տրվի, ինչի հիման վրա էլ գործողություններ կմշակվեն»,–ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով` ամեն դեպքում ՀՀ ուղարկելու ՀԱՊԿ առաքելության նախագիծը մշակման փուլում է։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 20-ին Մոսկվայում ռուս գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշման նախագիծը սեղանին է, նախագծի վրա աշխատանքները շարունակվում են: Միևնույն ժամանակ, Երևանը գործընկերներից ակնկալում է քաղաքական գնահատական՝ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված:
Իր հերթին Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ առաքելություն ուղարկելու հնարավորությունը պահպանվում է, ՀԱՊԿ-ը բացարձակապես պատրաստ է: