ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր։ Ձերբակալված 10 անձանցից 3-ը ՃՈ տեսուչներ են։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժնից։
Մասնավորապես նշվում է, որ Կոտայքի մարզում ավագ տեսուչի և տեսուչի պաշտոններ զբաղեցնող Ժ. Վ.-ն, Է. Ս.-ն և Հ. Մ.-ն երկու անձանց` Ս. Գ.-ի և Ա. Գ.-ի միջնորդությամբ վարորդական վկայականի դիմաց ստացել են տարբեր չափի գումարներ որպես կաշառք։
«Կաշառքի գումարը ստանալուց հետո ոստիկանության նշված աշխատակիցները առանց ավտոմեքենա վարելու գործնական գիտելիքները պատշաճ ստուգելու, ձևականորեն ընդունել են գործնական քննություններ և դրական գնահատել, ինչի հիման վրա սահմանված կարգի խախտմամբ տրամադրվել են վարորդական իրավունքի վկայականներ»,–նշում են կոմիտեից։
Քրեական վարույթի շրջանակներում ՃՈ տեսուչները, միջնորդ անձինք և կաշառք տված 5 քաղաքացիները ձերբակալվել են։
Ոստիկանության աշխատակիցներին մեղադրանքն է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալ), միջնորդ անձանց` 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 437-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառքի շուրջ կաշառք տվողի և ստացողի միջև համաձայնության գալուն նպաստելը), իսկ կաշառք տված 5 քաղաքացիներին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Պաշտոնատար անձին կաշառք տալը):
Նախաքննությունը շարունակվում է: