Ջերմուկում իրավիճակը խաղաղ է. համայնքի ղեկավար

Ջերմուկ
Վահագն Արսենյանը հորդորում է հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ջերմուկի ուղղությամբ իրադրության լարվածություն չկա։ Տեղեկությունը հայտնում է համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Հարգելի հայրենակիցներ (պատասխանում եմ ձեզ անհանգստացնող հարցերին), Ջերմուկում իրավիճակը խաղաղ է: Հետևեք միայն ՀՀ պաշտպանության նախարարության կայքի լրահոսին»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Ըստ ԶԼՄ–ների` վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրել էր, որ իրավիճակը լարվել է նաև Վարդենիսում։
Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ: