Գերիների վերադարձի համար դիվանագիտական բոլոր խողովակներն օգտագործվում են. Խանդանյան

Սարգիս Խանդանյան
Սարգիս Խանդանյանը նշեց, որ Ադրբեջանի նպատակն է, որ գերիների հարցը շահարկվի և որպես գործիք օգտագործվի բանակցությունների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ադրբեջանում պահվող հայ գերիների` հայրենիք վերադարձի համար դիվանագիտական բոլոր հնարավոր խողովակներն օգտագործվում են։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը` անդրադառնալով այսօր Շիրակի մարզում տեղի ունեցած ակցիային։
Հայտնել էինք, որ Հադրութի շրջանի Խծաբերդի մարտական դիրքերում գերեվարվածների հարազատները փակել են Գյումրի֊Բավրա միջպետական ճանապարհը և պահանջում են վերադարձնել իրենց զավակներին։
«Այս հարցը գուցե հրապարակային մեր օրակարգերում չլսեք, քանի որ Ադրբեջանի նպատակը դա է, որ այս հարցը շահարկվի և որպես գործիք օգտագործվի բանակցությունների համար։ Սակայն շեշտում եմ, որ գերիների հարցը մեզ համար բանակցությունների առարկա չէ` հստակ է, որ գերիները պետք է անհապաղ հայրենադարձվեն»,–ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով` հայկական կողմի գիտակցումը կա նաև միջազգային գործընկերների հետ և հայկական կողմն անդադար պահանջում է, որ Ադրբեջանի վրա ճնշումն ավելացվի այս առումով։
Խանդանյանը նշեց, որ կիսում է գերիների հարազատների զայրույթը, և պետք է ամեն ինչ արվի, որ այս խնդրին լուծում տրվի։ Նա նշեց, որ գերիների հարցով եղել են պայմանավորվածություններ, որոնք Ադրբեջանը դրժել է։