ԵՐԵՎԱՆ,11 ապրիլի – Sputnik. Աշխարհի ավելի քան 20 երկրների թիմեր կմասնակցեն մայիսի 1-6-ը Ղազախստանում անցկացվելիք քիմիայի դպրոցականների 57-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադային: Տեղեկությունը Sputnik-ին հայտնել են միջոցառման կազմկոմիտեից:
Կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ և Մոսկվայի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի գիտական ղեկավար Ստեփան Կալմիկովը հայտնել է, որ՝ Covid-ի բոլոր սահմանափակումներից հետո 2023 թվականի օլիմպիադան 2-րդն է, որ անցկացվում է առկա ձևաչափով։
«Այս տարի մասնակից երկրների հայտերի թիվն աճել է միանգամից 30%-ով, և մենք հետագա ընդլայնման հույս ունենք՝ դրանով իսկ նպաստելով գիտության և տեխնոլոգիաների` տասնամյակի նպատակների իրագործմանը», - ասել է նա:
Մենդելեևյան օլիմպիադային մասնակցությունն արդեն հաստատել են աշխարհի ավելի քան 20 երկրների թիմեր: Օլիմպիադային ավանդաբար մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Իսրայելի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մակեդոնիայի, Մոնղոլիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի, Խորվաթիայի և այլ երկրների հավաքականները: Առաջին անգամ մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել Բրազիլիայի հավաքականը։
Մենդելեևի միջազգային օլիմպիադան 1997 թվականին դարձել է քիմիայի դպրոցականների համամիութենական օլիմպիադայի իրավահաջորդը՝ պահպանելով դրա համարակալումը: Մրցույթը սովորաբար տևում է 5–6 օր և բաղկացած է երեք փուլից՝ երկու տեսական և մեկ գործնական:
Առաջին փուլի առաջադրանքներն ըստ բարդության համապատասխանում են քիմիական մասնագիտացված դասերի ծրագրին։ Երկրորդ փուլում մասնակիցներին առաջարկվում են ավելի բարձր մակարդակի առաջադրանքներ քիմիայի հինգ ճյուղերից: Օլիմպիադայի գործնական փուլը, որը տևում է հինգ ժամ, ենթադրում է դպրոցականների մոտ քիմիական լաբորատորիայում աշխատելու հմտությունների առկայություն՝ նյութերի քիմիական վերլուծություն կատարելու և առաջարկվող մեթոդի սինթեզ իրականացնելու ունակություն։
Մենդելեևյան օլիմպիադայի մասնակիցներն ավանդաբար կազմակերպիչներից ստանում են պատվոգրեր և արժեքավոր նվերներ, իսկ մրցանակակիրներն ու հաղթողները՝ բրոնզե, արծաթե և ոսկե մեդալներ։
«Այս մրցանակը շնորհվում է ի հիշատակ այն մարդու, որը հիմնադրել է Մենդելեևյան միջազգային օլիմպիադան և իր ողջ կյանքը նվիրել է քիմիական գիտությանը և քիմիական կրթությանը», – ասելէ կազմկոմիտեի համանախագահ, Անդրեյ Մելնիչենկոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Չերեդնիկը։
Օլիմպիադայի բացման և փակման արարողությունները ուղիղ եթերով կհեռարձակվեն օլիմպիադայի պաշտոնական խմբերում: