Արցախի իշխանությունները հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին

Հանդիպմանը կքննարկվեն հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Արցախի իշխանություններն ադրբեջանական կողմին հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ առաջարկը փոխանցվել է Ռուսաստանի խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ։
Հանդիպմանը կքննարկվեն հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր։
Նշենք, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ մարտի 1-ին, ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անց է կացվել արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում։ Ադրբեջանական կողմից հանդիպմանը մասնակցել է ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը, անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը:
Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։