Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ. ՊՆ–ն` Տեղ գյուղի մոտ հնչած կրակոցների մասին

Սաղավարտ
Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 16:00-ի սահմաններում կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Նախնական տվյալներով` հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ»,– ասված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության նախարարությունը նշում է, որ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
ՀՀ ԱԱԾ–ն ապրիլի 1-ին հայտարարեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, և իրականացվել սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։