Սուրբ Հարության տանի առիթով ամենայն հայոց կաթողիկոսի՝ ժողովրդին հղած խոսքում մտահոգությունն ավելի շատ է զգացվում, քան նախկին ուղերձներում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը` մեկնաբանելով կաթողիկոսի ուղերձի որոշ դրույթներ։
«Ըստ երևույթին, սա այն խորը մտահոգությունն է, որ ինքը` որպես հովվապետ, տեսնելով այս իրավիճակը, հնարավոր նոր պատերազմի վտանգներն ու մարտահրավերները, ուզում է հաղորդել ժողովրդին։ Ինքը զգում է, որ մտահոգությունը կա, թշնամանքը կա և դա կարող է շատ ավելի խորը վնաս հասցնել, քան ուղղակի պատերազմի վտանգն է»,– ասաց Պողոսյանը։
Հիշեցնենք` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Հիսուս Քրիստոսի Հարության տոնի առիթով հայ ժողովրդին հղված իր պատգամում շեշտել էր, որ թշնամանքի, ատելության դրսևորումները բաժանարար պատնեշներ են դնում աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում, խարխլում ազգային միաբանությունը, խաթարվում է մեր ազգային-հոգևոր անվտանգությունը։
Ակադեմիկոսը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Սբ. Հարության պատարագին երկրի քաղաքական իշխանությունը ներկա չէ, ինչը ևս վկայում է, որ իշխանությունն ու եկեղեցին տարբեր ճանապարհներով են գնում, ինչը,նրա համոզմամբ, լրացուցիչ մտահոգում է ժողովրդին։
Անդրադառնալով փաստին, որ նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Jesus Christ Superstar («Հիսուս Քրիստոս Գերաստղ») ռոք-օպերայից Հուդայի պարտիան, Գևորգ Պողոսյանը դա «զարմանալի ու անսպասելի» է համարում։
«Վեհափառը խոսում է հուդայականության մասին, իսկ վարչապետը Հուդայի պարտիան է տեղադրում։ Դրանով ի՞նչ էր ուզում ասել։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ որ լինի դժգոհություն հովվապետի նկատմամբ, իշխանությունն այդ օրերին, եթե եկեղեցի չի գնում, բոլոր դեպքերում պետք է հաղորդակից լինի ժողովրդի հետ»,– ասաց մեր զրուցակիցը։
Ամենայն հայոց կաթողիկոսն իր ուղերձում ասել էր. «Հուդայական մատնությունները շարունակվելու են, քանի դեռ չեն դադարում ուրանալ Աստծուն ու սրբությունները, արժեզրկել հայրենիքի նվիրական գաղափարը»։
Հիշեցնենք` Թիմ Ռայսի և Էնդրյու Լլոյդ Ուեբերի Jesus Christ Superstar-ը ռոք օպերան ընդգծում է Հուդա Իսկարիովտացու և Հիսուսի քաղաքական և միջանձնային պայքարը: Օպերան ներկայացնում է Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթվա ավետարանական պատմությունների վրա հիմնված իրադարձությունները՝ սկսած Հիսուսի և նրա աշակերտների Երուսաղեմ ժամանելուց մինչև Հուդայի մատնությունն ու Քրիստոսի խաչելությունը։