«Ուսանողական» այգու տարածքը իրավական նորմերին հակառակ է օտարվել. նախաձեռնվել է վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Երևանի «Ուսանողական» այգու տարածքի Կառավարության կողմից անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցված 626.22 քմ մակերեսով հողատարածքը 2015 թվականին օտարվել է «Արմեն» ՍՊ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին։ Նախաձեռնվել է վարույթ, հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է Տերյան 76 հասցեում տեղակայված անշարժ գույքի («Յանս» երաժշտական ակումբ և ռեստորան) կադաստրային գործը:
Պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հունվարի 14-ի որոշմամբ՝ ուսանողական այգու՝ Տերյան 76 հասցեին հարող տարածքում, «Արմեն» ՍՊ ընկերությանը հատկացվել է 1248.0 քմ մակերեսով հողատարածք։ 2003 թվականի մարտի 10-ին կնքվել է զբոսայգիներում և պուրակներում հողատարածքի վարձակալության պայմանագիր:
Երևանի քաղաքապետի 2015 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ՝ նշված հասցեում «Արմեն» ՍՊ ընկերությանը տրամադրված 1248.0 քմ մակերեսով հողամասից 626.22 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով՝ 24 մլն 422 հազար 580 դրամով, օտարվել է վերը նշված ընկերությանը։
Պարզվել է, որ հողատարածքը, ըստ գոտիավորման նախագծի, գտնվում է ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտում։ Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք առերևույթ խախտել են Հողային օրենսգրքի մի շարք հոդվածներ։
Նկատի ունենալով վերոգրյալը՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալի կողմից 2023 թվականի ապրիլի 3-ին առերևույթ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե:
Դատախազությունը պահանջում է Մասիսի նախկին քաղաքապետից անշարժ գույքեր ու գումար բռնագանձել
2023 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և 445-րդ (պաշտոնեական կեղծիքը) հոդվածների 1-ին մասերով: