Թուրքիայում ՀՀ դեսպանատուն բացելու հարց օրակարգում չկա. Չավուշօղլու

Մևլութ Չավուշօղլու
Չավուշօղլուն ընդգծել է, որ ցամաքային սահմանը բաց է երրորդ երկրների քաղաքացիների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Թուրքիայում Հայաստանի դեսպանատան բացման հարց օրակարգում չկա, սակայն Երևանն ու Անկարան աշխատում են սահմանային անցումները բացելու ուղղությամբ։ Այս մասին «А Haber» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Մոտ հեռանկարում կարող է տեղի չունենալ (Հայաստանի դեսպանատան բացում – խմբ.), քանի որ անհրաժեշտ է սկզբում մյուս քայլերն անել։ Մենք մեր օդային տարածքն ենք բացել Հայաստանի համար, բեռնափոխադրումներ են իրականացվում, մեկնարկել է փոխադարձ օդային հաղորդակցությունը, մեր տարածքով հայկական ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ։ Բայց ցամաքային անցակետերը բացելու համար, քաղաքական պայմանների հետ մեկտեղ, սկզբում անհրաժեշտ է նախապատրաստել ճանապարհները, վերականգնել կամուրջը։ Եվ կամրջի շինարարության հետ կապված մենք արդեն պայմանավորվածություններ ունենք», – ասել է նա։
Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն ընդգծել է, որ ցամաքային սահմանային անցումը ենթադրվում է բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրերով անձանց համար։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ ՀՀ իշխանությունները պատրաստվում են Թուրքիայի հետ սահմանին «Մարգարա» անցակետի գործարկմանը։
Թուրքիան կփորձի հասնել իր նպատակներից ևս մեկին. Մելքոնյանը` Աքարի հայտարարության մասին
Հայաստանի և Թուրքիայի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, սահմանը փակ է 1993 թվականից Անկարայի նախաձեռնությամբ։ Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները մի շարք հանգամանքներ են առաջացրել, մասնավորապես, Ղարաբաղյան հարցում Անկարայի կողմից ադրբեջանական դիրքորոշման աջակցությունն ու Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին Թուրքիայի սուր արձագանքը: