Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն նոր լարվածություն է բերելու. Իրանի ԱԽՔ

Հայաստանի և Իրանի ԱԽք–երի հանդիպումը
Թեհրանը շահագրգռված է Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն հղի է լարվածության սրմամբ, ինչը կխարխլի կայունությունն ու անվտանգությունը։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Թեհրանում իր հայ գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը։
Tasnim գործակալությունը հայտնում է, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան կրկնել է, որ Թեհրանը դեմ է լինելու տարածաշրջանում աշխարհագրական ցանկացած փոփոխության:
Շամխանին նշել է, որ տարածաշրջանում բոլոր կոնֆլիկտային իրավիճակները պետք է լուծվեն երկխոսության և համագործակցության, այլ ոչ թե ուժային մոտեցումներով։ Կովկասյան տարածաշրջանը դժվար ժամանակաշրջան է ապրում, սակայն, նա հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկարողանան «զսպվածության ու խոհեմության միջոցով» հաղթահարել առկա լարվածությունը։
Իր հերթին, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, որ Իրանը կարևոր դեր է խաղացել տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։ Նա ընդգծել է, որ երկրների միջև երկխոսությունն ու փոխգործակցությունը միակ ճանապարհն են՝ լուծելու առկա տարածաշրջանային ճգնաժամերը և կանխելու հետագա էսկալացիան։
Հարկ է նշել, որ իրանցի զինվորականներն ու քաղաքական գործիչները ծայրահեղ բացասաբար են ընկալում արտատարածքային միջանցքի (Հայաստանի հարավային շրջաններով դեպի Նախիջևան) մասին ադրբեջանական նարատիվը։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ դեմ է լինելու տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխության։