Ռուսաստանցիները մայիսյան տոները նախընտրում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում և ՀՀ–ում

Հետազոտությունն անցկացվել է զբոսաշրջային հարցումների և ամրագրումների հիման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցիները գալիք մայիսյան տոները ցանկանում են անցկացնել Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում և Վրաստանում, իսկ երկրի ներսում ճանապարհորդելու համար ամենանախընտրելի քաղաքը Սանկտ Պետերբուրգն է։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Русский стандарт» բանկի իրականացրած հետազոտությանը։
Այս բանկի «RS TLS» ընկերության (զբաղվում է ճամփորդությունների կազմակերպմամբ և տեղեկատվական ծառայությունների մատուցմամբ) տվյալների համաձայն` մերձավոր պետությունների շարքում հարցումների թվով առաջատարը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է։
Նշվում է, որ ռուսաստանցիները Բելառուս են մեկնում հիմնականում գնումներ կատարելու, համեղ ուտեստներ համտեսելու, ինչպես նաև տեսարժան վայրեր այցելելու համար։
Վարկանիշային ցանկի երկրորդ տեղում Ղազախստանն է, որը զբոսաշրջիկներին գրավում է իր լեռնային հանգստավայրերով։ Իսկ երրորդ և չորրորդ տեղերում հայտնված Հայաստանն ու Վրաստանը գրավում են իրենց կլիմայով ու խոհանոցով։
«Մեղմ ու տաք կլիման, հետաքրքիր բնական լանդշաֆտները և այդ երկրների վառ, շատերի կողմից սիրված խոհանոցը նրանց համար տեղ են ապահովում առաջատար հնգյակում` մայիսյան տոներին ընդառաջ տուրերի պահանջարկի առումով»,- ասվում է հետազոտության մեջ:
Նախընտրելի ուղղությունների հնգյակը եզրափակում Է Ուզբեկստանը. փորձագետների կարծիքով` ռուսաստանցիներն այնտեղ են մեկնում պատմական վայրեր տեսնելու նպատակով:
Հետազոտության շրջանակում ուսումնասիրվել է «RS TLS» ընկերության հաճախորդների շրջանում հարցումների և զբոսաշրջային ուղեգրերի վաճառքի դինամիկան 2023 թվականի մայիսյան տոներին ընդառաջ:
Հետաքրքիր մրցակցություն է լինելու. երեք ամսում Հայաստան է եկել 450 հազար զբոսաշրջիկ