Փլուզում Երևանի դպրոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել փրկարարները

Փրկարարներ. արխիվային լուսանկար
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Երևանի Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցում փլուզում է տեղի ունեցել, տուժածներ չկան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ապրիլի 10-ին` ժամը 10։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ դպրոցի դասասենյակներից մեկի (մոտ 33 քմ) առաստաղից փլուզվել է ծեփամածիկի շերտը՝ մոտ 2 քմ, մյուս հատվածի փլուզման վտանգ կա:

Տեղում առաջարկվել է տվյալ դասասենյակում դասընթացներ չիրականացնել:
Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին և ԿԳՄՍ նախարարությանը։
Փլուզման վտանգի պատճառով Գետափի կամրջով երթևեկությունը միակողմանի է դարձել