ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի - Sputnik. Վայոց Ձորի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հիշեցնենք՝ միջադեպը տեղի է ունեցել այսօր, երբ ՀՀ վարչապետ Նիկոել Փաշինյանն այցելել է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Մալիշկա բնակավայր։
Ժամը 13:15-ի սահմաններում Մալիշկա բնակավայրի նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին և Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ կատարել՝ իր մոտ գտնվող անձրևանոցը նետելով Փաշինյանի ուղղությամբ։
Հետաքննության մարմնի կողմից անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նշված անձը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-452-րդ հոդվածի 3-րդ մասի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելու փորձ) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Սկսվել է նախաքննություն, որի շրջանակներում պարզվում են դեպքի հանգամանքները։